AM RU

Ինչ է տեղի ունեցել Փաշինյանին ձերբակալելու օրը. Գլխավոր դատախազը բացում է փակագծերը

loading...
 

Այսօր՝ մայիսի 15-ին, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ պատգամավոր Էդմոն Մարուքյանը մի քանի հարց ուղղեց ՀՀ գլխավոր դատախազին՝ Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին և Արարատ Միրզոյանին կալանավորելու շուրջ միջնորդությունների վերաբերյալ, որոնք եղել էին դատախազի կողմից և հետաքրքրվեց, թե ուր է միջնորդությունը:

Ի պատասխան՝ Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը պարզաբանեց վերջիններիս ձերբակալելու իրավական հիմքերը՝ ընդգծելով, որ ապրիլի 22-ին պատգամավորները ձերբակալվել են ապօրինի հավաքներ կազմակերպելու և իրականացնելու համար։

Էդմոն Մարուքյանը գլխավոր դատախազին խնդրեց ներկայացնել պատգամավորներին ձերբակալելու իրավական հիմքերը՝ ընդգծելով, որ այդ օրը Նիկոլ Փաշինյանին, ըստ էության, առևանգել էին, քանի որ նրա գտնվելու վայրի մասին իրենք տեղեկություններ չեն ունեցել ու չեն կարողացել այցելել նրան։ Մարուքյանը նաև նշեց, որ ձերբակալությունից հետո Ազգային ժողով միջնորդություններ են ներկայացվել պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ՝ խնդրելով պարզաբանել, թե ինչ եղավ այդ միջնորդությունների հետ։

Արթուր Դավթյանն ընդգծեց, որ ձերբակալումից հետո անձը հեռախոսազանգի միջոցով իրավունք ունի հարազատներին տեղեկացնել իր գտնվելու վայրի մասին: «Միևնույն ժամանակ, վարույթ իրականացնող քննիչը, իր վերադասի համաձայնությամբ, կարող է այդ զանգի իրավունքը մինչև 12 ժամ երկարաձգել: Որքանով ես տեղյակ եմ՝ այս հարցում անհրաժեշտ ժամկետները պահպանվել են»,- ասաց գլխավոր դատախազը:

Նա մանրամասնեց՝ գլխավոր դատախազությունն ԱԺ միջնորդություն ներկայացրել է միայն Նիկոլ Փաշինյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ, սակայն դրան հետևել են հայտնի իրադարձությունները, երբ ՀՀ փոխվարչապետը նամակով դիմել է իրեն և խնդրել է հետ վերցնել միջնորդությունն Ազգային ժողովից: «Դրանից հետո ես նամակով դիմել եմ Ազգային ժողովի նախագահին և խնդրել եմ օրակարգից հանել այդ հարցը»,- եզրափակեց գլխավոր դատախազը: